Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն՝ հետեւել ս.թ. հունիսի 4-ին մեկնարկած Եվրոպայի շախմատի վետերանների 16-րդ առաջնության 7-րդ տուրի հանդիպումներին:

Հայաստանում Եվրոպայի առաջնությունն անցկացվում է երկու տարիքային խմբերում՝ 50-ից մինչեւ 65 տարեկանների եւ 65 տարեկաններ ու բարձր: Մրցաշարն ընթանում է շվեյցարական մրցակարգով եւ տեւելու է ինը օր: Այս տարի մրցաշարին մասնակցում են 18 երկրների շուրջ 100 շախմատիստներ: Հայաստանյան մրցաշարի մասնակիցների թվում են 10 գրոսմայստեր եւ 10 միջազգային վարպետ, ինչպես նաեւ 3 կին գրոսմայստեր ու միջազգային վարպետ: Եվրոպայի առաջնությանը մասնակցում են նաեւ աշխարհի 5-րդ չեմպիոնուհի Նոնա Գափրինդաշվիլին եւ հայկական շախմատի լեգենդ Ռաֆայել Վահանյանը: