Քիչ առաջ Նոր Նորքի վարչական շրջանի ոստիկանույթյունն ահազանգ է ստացել, որ Նոր Նորքի 2-րդ զանգվածի Բարգեւանդ թաղամասում (Պաշտպանության նախարարության շենքի մոտ) տղամարդու դիակ է ընկած (ֆոտորեպոռտաժ):
Շտապ դեպքի վայր են մեկնել Երեւան քաղաքի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը, Նոր-Նորք վարչական շրջանի ոստիկանապետ Մուշեղ Օհանյանը եւ նույն շրջանի ոստիկանության քննչական ծառայության պետը: Այս պահին ճանապարհա-տրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչը տեղազննման աշխատանքներ է կատարում:
Ինչպես դեպքի վայրից NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դիակից մի քանի մետր հեռավորության վրա հայտնաբերվել է ոստիկանի ծառայողական վկայական: Հավանաբար դա մահացածի աշխատանքային վկայականն է, որի վրա գրված է. «ոստիկանության ավագ լեյտենանտ Տիգրան Սահակյան»: Քիչ այն կողմ հայտնաբերվել է նաեւ նրա բջջային հեռախոսը, հիշողության կրիչը (ֆլեշկա):
Այս պահին դեպքի վայրում սպասում են դատական փորձագետներին: Տեղի ունեցածը սպանություն է, թե վրաերթ, կպարզի քննությունը:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի




























