Պարբերականն անդրադառնում է Հայաստանի զինված ուժերում տեղի ունեցած վերջին նշանակումներին`գրելով. «Հայաստանի նախագահի շաբաթ օրվա հրամանագրերով նոր նշանակումներ են եղել պաշտպանության նախարարության պաշտոններում, գուցե սա կարելի է համարել Հայաստանի զինված ուժերում մահացու ելքով վերջին մի շարք ոչ կանոնադրական դեպքերին Հայաստանի նախագահի արձագանքը, գուցե եւ դեռ այդ արձագանքը սպասվում է` այլ միջոցառումների կամ պաշտոնափոխությունների տեսքով, չգիտենք:
Ռազմական ոստիկանության պետ Վովա Գասպարյանը նշանակվեց պաշտպանության փոխնախարար` ռազմական ոստիկանության պետի պաշտոնից ազատվելով. կարելի է ասել` բանակում կարգուկանոնի եւ հանցածին մթնոլորտի համար պատասխանատու գերատեսչության ղեկավարին, փաստորեն առաջ են քաշել... Իսկ միգուցե հենց այս ձե՞ւն է ընտրվել` Վ. Գասպարյանին մասամբ չեզոքացնելու, քանի որ ռազմական ոստիկանության պետի ունեցած լծակները շատ կոնկրետ են եւ որոշ իմաստով ավելին, քան նախարարի տեղակալինը:
Նախարարի առաջին տեղակալ նշանակվել է Դավիթ Տոնոյանը, որ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրում Հայաստանի ներկայացուցիչն էր, բանակում բարեփոխումները կրող դեմքերից մեկը»: Թե կոնկրետ ի՞նչ խնդիրներ են լուծելու այս փոփոխությունները, դրանք հոգեբանական նշանակությո՞ւն ունեն ավելի շատ, թե՞ նաեւ գործնականում լիազորությունների նոր վերաբաշխում է, դա, ինչպես նկատում է «Ազգ»-ը, դեռ չի երեւում: «Երեւում է այլ բան` բանակում շարունակվում են այնպիսի դեպքերը, որոնք հասարակության ցասումը կարող են գագաթնակետին հասցնել, եւ սա ամենեւին էլ երկրորդական բան չէ. նայեք միայն սոցիալական ցանցերը, այնտեղ փոխանակվող տեղեկատվությունը բանակի ոչ կանոնադրական բարքերի վերաբերյալ, բողոքի ալիքը, որ բարձրաձայնում են շարքային մարդիկ: Սա չի կարող անհետեւանք անցնել` կուտակված լիցքերը տեղափոխվելու եւ պայթելու հատկություն ունեն: Մանավանդ որ այդ դեպքերը եւ զարգացումները կարծես կանգ առնելու նշան ցույց չեն տալիս, եւ հակառակըՙ շարունակականություն ապահովելու միտում ունեն»,-նկատում է թերթը:





























