Թուրքիայի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները հայտարարել են, թե մարքսիստ–լենինիստների դեմ պայքարի շրջանակներում 9 նահանգներում տարբեր բնակարաններում խուզարկություններ են իրականացվել։
Թուրքական Sozcu–ի փոխանցմամբ՝ ոստիկանության հայտարարության մեջ նշվել է, որ խուզարկություն է եղել նաեւ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության համանախագահ եւ Վանից ընտրված պատգամավոր Ֆիգեն Յուքսեքդաղի տանը։
Քուրդ կին կուսակցապետի տան խուզարկությանն անդրադարձել է նաեւ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության գրասենյակը՝ շեշտելով, որ իրենց կին կուսակցապետի տան խուզարկությունը անօրինական է եղել։ «Թեեւ ոստիկանությունը գիտեր, որ այդ հասցեում բնակվում է պատգամավոր, սակայն խախտելով օրենքները ոստիկանները ներխուժել են բնակարան առանց իրավական հիմնավորումների»,–նշվել է հայտարարության մեջ։





























