«ՉԻ» իրազեկ աղբյուրների փոխանցել են, որ Վովա Գասպարյանի նախկին՝ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության պետ պաշտոնի համար այդ ոլորտում իսկական իրարանցում է սկսվել։ Բազմաթիվ պաշտոնյաներ տարբեր խողովակներով փորձում են Սերժ Սարգսյանի «աչքը մտնել» եւ նշանակվել այդ պաշտոնում, նույնիսկ «մաղարիչների» շռայլ խոստումներ են տրվում՝ զործի միջնորդներին։ Սակայն առայժմ «սայլը տեղից չի շարժվում»։ Թերթի տեղեկացմամբ` ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության պետի հիմնական հավակնորդները առայժմ երեքն են՝ վարչության պետի առաջին տեղակալ Հայկ Ստեփանյանը, նույն վարչության օպերատիվ աշխատանքների զծով տեղակալ Արամ Տեր-Սահակյանը եւ ռազմական ոստիկանության Կոտայքի կայազորի ղեկավար Ռոմիկ Մկրտումյանը։
Հայկ Ստեփանյանը համարվում է Վովա Գասպարյանի ամենահավատարիմ մարդը։ Նա 63 տարեկան է եւ միայն այս հանգամանքը կարող է խանգարել, որպեսզի Ստեփանյանը չդառնա ոստիկանապետ, քանի որ երկու տարի հետո պետք է թոշակի անցնի։ Մյուս թեկնածուն՝ Արամ Տեր Սահակյանը, վարչությունում համակարգում է օպերատիվ աշխատանքները։ Նա մի քանի տարի աշխատել է Արցախում։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների, Տեր-Ստեփանյանի համար միջնորդել է անձամբ Բակո Սահակյանը՝ ԼՂՀ նախագահը։ Իսկ ինչ վերաբերում է Ռոմիկ Մկրտումյանին, ապա նա էլ համարվում է Սերժ Սարգսյանի մտերիմը, քանի որ հենց Սարգսյանի ցուցումով է նշանակվել Կոտայքի կայազորի պետի պաշտոնում։
«ՉԻ»-ին հաջողվել է պարզել, որ հավանաբար առայժմ Արամ Տեր-Սահակյանը կնշանակվի ժամանակավոր պաշտոնակատար, մինչեւ կրքերը հանդարտվեն, եւ սթափ որոշում կայացվի։





























