Փորձագետները վերջնական եզրակացություն են ներկայացրել 17-ամյա Էդուարդ Մարկարյանի սպանության գործով, ով մահացել էր Մոսկվայի դպրոցներից մեկում տեղի ունեցած ծեծկռտուքի հետեւանքով: Մասնագետների կարծիքով, դպրոցականը մահացել է սրտին հասցված ուժեղ հարվածից, որը կարդիոմիոպատիայի նոպայի է հանգեցրել:

Ինչպես հաղորդում է Life News-ը, փորձագետները պարզել են, որ տղան սրտի արատ է ունեցել, սակայն դա մահվան ուղղակի պատճառ չի եղել:

Պարզվել է նաեւ, որ հայ աշակերտի օրգանզիմում ալկոհոլ, թմրանյութեր, դեղամիջոցներ չեն եղել:

Հիշեցնենք, որ Էդուարդ Մարկարյանը սպանվել էր սեպտեմբերի 7-ին ադրբեջանցի 9-րդ դասարանցի ոմն Մամեդի կողմից՝ 501 դպրոցի բակում: Նրանց միջեւ վեճն սկսվել էր դեռ առավոտյան, եւ նրանք որոշել էին այն շարունակել դասերից հետո: Կռվի ընթացքում ըմբշամարտով պարապած Մամեդը Էդիկին դիպուկ հարվածներ էր հասցրել, որոնք վայրկենական մահ էին առաջացրել: Ականատեսների վկայությամբ, Մամեդը եղել է ալկոհոլի ազդեցության տակ:

Էդիկի մայրն ավելի վաղ NEWS.am-ի թղթակցին հայտնել էր, որ Մամեդն իր ընկերներին հահանգել է կռիվը նկարել բջջային հեռախոսով: Հեռախոսը ներկայումս գտնվում է իրավապահների մոտ` որպես իրեղեն ապացույց: Մինչեւ բժիշկների ժամանելն Էդիկն արդեն մահացած է եղել: