Հայաստանում կենդանիները պաշտպանված չեն։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց կենդանիների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստ Օվսաննա Հովսեփյանը։ Նրա խոսքով, այսօր կենդանիների իրավունքներն ու խնդիրները շատ քիչ մարդկանց է հուզում։
«Իսկ այդ որոշակի թվով մարդկանցով, որոնք հիմնականում ակտիվիստներ են, մենք չենք կարող լուծել այդքան շատ փողոցային կենդանիների հարցը։ Անհրաժեշտ է, որ պետական համակարգը գործի։ Ավելի լուրջ մոտեցում է պետք»,-ասաց ակտիվիստը՝ հավելելով, որ կարիք կա կենդանիների մասին օրենք ընդունելու։ Օվսանան, ով զբաղվում է հիմնականում շների եւ կատունների համար կացարաններ ու տերեր գտնելով, կարծում է, որ առաջին հերթին պետք է սովորական դարձնել կենդանիներին պաշտպանելը:
«Կենդանիների պաշտպանությունը, որպես հասկացություն, խորթ է մեր երկրին: Պարտադիր չի, որ բարի լինես, որ պաշտպանես կենդանիներին»,-նշեց ակտիվիստը:
«Փրկենք կենդանիներին» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Նունե Մեհրաբյանը, ով շների կացարան ունի եւ որտեղ ապաստան են գտել շուրջ 220 շներ, եւս կարեւորում է կենդանիների պաշտպանության մասին օրենքի ընդունումը։ «Անգամ եթե մեկ օրենք լինի, մենք կարող ենք ավելի պաշտպանել մեր կենդանիներին։ Օրենքը թույլ չի տա, որ լինի կենդանիների զանգվածային այն սպանդը, որն այսօր կա եւ օրինական է համարվում Հայաստանում»,-ասաց Նունե Մեհրաբյանը։
Շների կացարանի տիրուհու խոսքով, որպեսզի Հայաստանում կենդանիները պաշտպանված լինեն, պետք է նաեւ վերացնել հասարակության մեջ առկա անտարբերությունը դեպի կենդանիները եւ սեւեռել մարդկանց ուշադրությունը նրանց խնդիիրների վրա։
«Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանի համոզմամբ եւս, Հայաստանում կենդանիների իրավունքները պաշտպանված չեն. «Ո՞նց կարող են պաշտպանված լինել, եթե մենք այսօր անխնա ոչնչացնում ենք մեր ամբողջ բնական ռեսուսրսները, կենսամիջավայրը, որտեղ ապրում են մեր կենդանիները»։ Նրա համոզմամբ, դրա պատճառը ոչ միայն մեր հասարակության շրջակա միջավայրի նկատմամբ ունեցած սխալ վերաբերմունքն է, այլեւ պետական այրերի սխալ մոտեցումները։
«Նրանք ոչինչ չեն անում մեր շրջակա միջավայրը պաշտպանելու համար։ Այս վիճակից դուրս գալու ելք չեմ տեսնում։ Մենք պայքարում ենք, ինչ-որ բաներ ենք փորձում անել, հասարակական էկոլոգիական դաշինքով ամեն անգամ նամակներ ենք գրում, բայց գլոբալ փոխել իրավիճակը համարյա անհնարին է մեր երկրում»,-վերջում հավելեց ՀԿ-ի նախագահը։
Հայաստանում կենդանիների պաշտպանությամբ զբաղվող միակ պետական մարմինը Կենսառեսուրսների կառավարման գործակալությունն է, սակայն նրա պարտականությունները սահմանափակվում է միայն վայրի կենդանիներին կարմիր գրքի մեջ մտցնելով ու որսի համար թույլտվություն տալով։
Հիշեցնենք, որ երեկ` հոկտեմբերը 4-ին նշվում էր կենդանիների պաշտպանության միջազգային օրը։





























