«Զինված խմբի» գործով մեղադրյալ, Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի առողջական խնդիրների հարցով բողոք կուղարկվի ՄԻԵԴ:  NEWS.am-ի հետ զրույցում Վահան Շիրխանյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը նշեց, որ իր պաշտպանյալի մոտ ապօրինի անազատության մեջ մնալու հետեւանքով են խորացել  առողջական խնդիրներն ու ձեռք բերվել կյանքի համար վտանգավոր առողջական խնդիրներ.

«Նա ձեռք է բերել այնպիսի հիվանդություններ, որոնք նախկինում չի ունեցել, դրանք ձեռք է բերել մեկուսարանի պայմաններում: Վահան Շիրխանյանը կյանքի համար կենսական օրգանների խանգարման լուրջ խնդիրներ ունի եւ այս պայմաններում նա չի կարող մնալ անազատության մեջ:Այդ խնդիրները նոր են առաջացել՝ գումարած նախկինում ունեցած հիավնդությունների հետ նրա կյանքը վտանգված է»,-ասաց փաստաբանը:

Նշենք, որ Վահան Շիրխանյանը կալանավորվել է 2015թ. դեկտեմբերի 21-ին «զինված խմբի» գործով։ Նա մեղադրվում է խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանի հետ հանցավոր համագործակցության մեջ, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ: Անազատության մեջ գտնվելով՝ Վահան Շիրխանյանը ոտքից վիրահատվել է: