Հռոմում հայ-թուրքական գործընթացի վերակենդանացման մասին բանակցություններ են ընթանում։ Հոկտեմբերի 5-ին այս մասին լրագրողներին հայտարարեց «Սարդարապատ» նախաձեռնության անդամ Տիգրան Խզմալյանը։

Նրա խոսքով, բանակցությունների ժամանակ հայկական կողմը ներկայացրել է Հայաստանի նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը եւ հանրապետության առաջին նախագահի նախկին խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը։ «Փաստից անհանգստացած՝«Սարդարապատ» շարժումը մտադիր է որոշ հարցեր բարձրացնել այն առնչությամբ, թե տեղյա՞կ են, արդյոք, իշխանությունները կատարվածի մասին եւ եթե այո, ո՞ւմ կողմից են լիազորված այդ անձինք»,- նշեց Խզմալյանը։

Սակայն ինչպես հայտնեց «Սիվիլիթաս» հիմադրամի մամուլի քարտուղար Աննա Սաղաբալյանը, Հայաստանի նախկին ԱԳ նախարար, «Սիվիլիթաս» հիմադրամի ղեկավար Վարդան Օսկանյանը մեկ ամսվա կտրվածքով  հանրապետությունից չի բացակայել եւ դա շատ հեշտ է ստուգել:

Նշենք, որ վերջերս թուրքական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, թե Շվեյցարիան հայ-թուրքական գործընթացը վերակենդանացնելու համար «հեռախոսային դիվանագիտություն» է սկսել Հայաստանի եւ Թուրքիայի հետ։