Ռումինիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան այս տարվա նոյեմբերի առաջին տասնօրյակում. նման որոշում է ընդունվել երկրում իշխող Սոցիալ-ազատական միության (ՍԱՄ) նիստին: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռումինիայի սենատի նախագահ եւ կոալիցիայի համանախագահ Կրին Անտոնեսկուն, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ընտրությունները տեղի կունենան ներկայիս նախագահի մանդատի ավարտից 45 օր առաջ, որի ժամկետը լրանում է դեկտեմբերի 21-ին, որպեսզի Ռումինիայի նոր ղեկավարը կարողանա անմիջապես անցնել իր պարտականությունների կատարմանը», - նշել է Անտոնեսկուն մամուլի ասուլիսի ընթացքում, որը նա անցկացրել է ՍԱՄ-ի մյուս համանախագահ` վարչապետ Վիկտոր Պոնտայի հետ:
Կոալիցիայի առաջնորդները նաեւ հաստատել են, որ Ռումինիայի ղեկավարի առաջիկա ընտրություններին կոալիցիայից միակ թեկնածուն մնում է Անտոնեսկուն: Նրանք հերքել են մի շարք քաղաքական գործիչների եւ փորձագետների պնդումները եվրախորհրդարանի գարնանը կայանալիք ընտրություններից առաջ իշխող կոալիցիայի իբր անխուսափելի փլուզման մասին: Նիստի ընթացքում որոշում է կայացվել արգելել տեղական մակարդակում ցանկացած կոալիցիան Բեսեսկուին աջակցող նախկին իշխող Դեմոկրատական ազատական կուսակցության հետ:
Ռումինիայում իշխող կոալիցիան ձեւավորել են Սոցիալ-դեմոկրատական եւ Ազգային-ազատական կուսակցությունները, որոնք 2012-ի դեկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում խորհրդարանում ձայների 60 տոկոսն էին ստացել: Բեսեսկուին աջակցող «Արդար Ռումինիա» դաշինքը պարտվել է ընտրություններում: Ինքը` Բեսեսկուն, որը երկիրը ղեկավարում է արդեն երկրորդ ժամկետը, չի մասնակցի առաջիկա նախագահական մրցարշավին: Նախագահի եւ իշխող դաշինքի առաջնորդների միջեւ հարաբերությունները լարված են մնում եւ նրանց միջեւ անընդհատ հակամարտություններ են բռնկվում:





























