ԵԱՏՄ-ին անդամությունը կարող է Հայաստանում գյուղմթերքների մանր եւ միջին արտադրողներին օգնել թափանցել Միության շուկաներ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը:
Այսօր Հայաստանից միրգը եւ բանջարեղենը հիմնականում արտահանվում է Ռուսաստան, իսկ ԵԱՏՄ-ի անդամությունը, փոխնախարարի խոսքով, կարող է արտահանման համար բացել ԵԱՏՄ-ի նաեւ մյուս երկրները
Պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին այն մասին, թե արդյոք վտանգ չկա, որ այդ երկրներից մթերքները կարող են իրենց հերթին հայտնվել հայկական շուկայում եւ մրցակցության բարդություններ ստեղծել, փոխնախարարը պատասխանել է, որ Հայաստանը որոշակի առավելություններ ունի ԵԱՏՄ-ի այլ երկրների նկատմամբ: Դրանցից մեկը կլիման է, որը բարենպաստ է մթերքների որակի համար: Նման առավելությամբ ամեն երկիր չէ, որ կարող է պարծենալ, հավելել է նա:
Սակայն գյուղատնտեսության եւ ագրոարդյունաբերության մեջ աշխատող հայ արտադրողները պետք է ուշադիր հետեւեն ԵԱՏՄ-ի շուկաներում բոլոր գործընթացներին, որպեսզի հետ չմնան եւ չկորցնեն մրցունակությունը:
Դրա համար անհրաժեշտ է հետեւել առաջարկի եւ պահանջարկի կանխատեսումներին, որոնք մշակվում են ԵԱՏՄ-ի երկրներում:
Արտահանման ավելի մեծ դիվերսիֆիկացիայի համար Հայաստանը բանակցություններ է վարում Եվրամիության հետ, որի հետ պահպանել է արտահանման արտոնյալ GSP+ ռեժիմը, եւ իրացման նոր շուկաներ է փնտրում Ասիայում` Իրանում, Էմիրություններում, Չինաստանում:





























