Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի մամուլի քարտուղար Մանանա Մանջգալաձեն հայտարարել է, թե վրացական կողմը անհրաժեշտություն չի տեսնում Ռուսաստանի հետ չհարձակվելու պայմանագիր ստորագրել:

«Վրաստանի իշխանությունները հստակ դիրքորոշում ունեն եւ պահանջում են կատարել 2008թ. օգոստոսի 12-ի 6 կետանոց համաձայնագիրը: Վրաստանն ամբողջությամբ կատարում է տվյալ համաձայնագիրը, իսկ Ռուսաստանը՝ ոչ: Հետեւաբար, վրացական կողմը  անհրաժեշտություն չի տեսնում Ռուսաստանի հետ չհարձակվելու պայմանագիր ստորագրել»,- ասել է Մանջգալաձեն:

Նշենք, որ Ժնեւի բանակցություններում Ռուսաստանը Վրաստանին առաջարկում է չհարձակվելու մասին պայմանագիր ստորագրել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ: Թբիլիսին էլ պատասխանում է, որ անջատողականների հետ որեւէ պայմանագիր ստորագրելու միտք չունի:

Վեցկետանոց համաձայնագիրը ստորագրվել է Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ 2008թ. օգոստոսյան պատերազմից հետո՝ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի միջնորդությամբ: