Գերմանիայում Hermann Historica աճուրդի ժամանակ վաճառվել են Երրորդ ռեյխի վերնախավին պատկանող որոշ իրեր, այդ թվում՝ Ադոլֆ Հիտլերի՝ կաշվե գրպաններով տաբատը եւ Հերման Գյորինգի կոնտեյները, որի մեջ պահվում էր նրա խմած թույնը, հայտնում է Reuters–ը։
Հաղորդվում է, որ 169 նացիստական իրերը եղել են ամերիկացի բժիշկ Ջոն Լաթիմերի հավաքածուում, ով 1946-ին աշխատում էր Նյուրնբերգյան դատավարության համար։ Լաթիմերը մահացել էր 2007-ին։
Ոմն արգենտինացի գնորդ ավելի քան 681 հազար դոլար է ծախսել նացիստական լոտերը գնելու համար, որոնց թվում եղել են Հիտլերի տաբատն ու կիտելը, ինչպես նաեւ Գյորինգի ժամացույցը։ Գնորդի խոսքով՝ իրերը գնվել են թանգարանի համար, որի անունը նրա հրաժարվել է նշել։
Bild գերմանական պարբերականի տեղեկություններով՝ կաշվե գրպաններով տաբատը վաճառվել է 62 հազար եվրոյով, կիտելը՝ 275 հազար եվրոյով, ժամացույցը՝ 42 հազար եվրոյով։
Աճուրդում 26 հազար դոլարով վաճառվել է նաեւ կոնտեյները, որի մեջ պահվում էր Գյորինգի խմած ցիանիդը։ Գյորինգը թույն էր խմել Նյուրնբերգի տրիբունալի դատավճռին սպասելիս։ Լոտերի թվում է եղել 1944—ին Հիտլերի դեմ մահափորձից հետո արված ռենտգենյան նկարը։
Հաղորդվում է, որ Գերմանիայի հրեական համայնքն արդեն դատապարտել է աճուրդի անցկացումը՝ այն որակելով սկանդալային եւ գարշելի։





























