Չափահաս ամերիկացիների մոտ 28 տոկոսը ոչ մի խնայողություն չունի արտակարգ իրավիճակների համար: «Ինտերֆաքսը» հայտնում է, որ այդ մասին վկայում է    Princeton Survey Research Associates International-ի անցկացրած հարցումը: Անցյալ տարի այդ ցուցանիշը 29 տոկոս էր կազմում, իսկ հինգ տարի առաջ` 24 տոկոս:

Որոշակի կուտակումներ ունի հարցվածների 18 տոկոսը, միաժամանակ հարցվածների 28 տոկոսը բավականաչափ միջոցներ ունի աշխատանքը կորցնելու դեպքում կես տարի ապրելու համար:   

Ամենաանհոգ են ճանաչվել «Х սերնդի» ներկայացուցիչները (1965-ից մինչեւ 1979  թվականը ծնված մարդիկ). 36-51 տարեկան հարցվածների 33 տոկոսը չի հոգացել  «անվտանգության ֆինանսական բարձիկ» ստեղծելու մասին:

Մայիսին Հասարակական կարծիքի հարցման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՀՀԿ) հարցման համաձայն, ռուսաստանցիների մոտ մեկ քառորդը խնայողություններ է կուտակում այն դեպքի համար, եթե կորցնի աշխատանքը եւ եւս 16 տոկոսը նախատեսում է դա: Նման պահվածքը, նշում են սոցիոլոգները, բնորոշ է հարուստ մարդկանց: Միաժամանակ հարցվածների  29 տոկոսը փող չի կուտակում եւ չի պատրաստվում անել դա: