Առնո Բաբաջանյանի արձանին հարակից տարածքի սիզամարգում նոր սրճարան չի կառուցվի: Երեկ «Երևանը երեկ և այսօր» խորագրով ցուցահանդեսի բացման ժամանակ նշել է Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Նա նշել է, որ մի քանի ամիս առաջ ինքն է կասեցրել այդ հատվածում կառուցվող սրճարանի շինարարությունը: «Ես ձեզ վստահեցնում եմ, որ քանի զբաղեցնում եմ Երևանի քաղաքապետի պաշտոնը, այդ հատվածում չի կառուցվի ոչ մի սրճարան»,- ասել է Գագիկ Բեգլարյանը՝ տեղեկացնելով, որ բարեկարգման ծրագրով որոշվել է այդ հողակտորը վերածել սիզամարգի, քանի որ տեղում ծառեր տնկելու պարագայում կփակվեր Կարապի լճից Հյուսիսային պողոտա բացվող տեսարանը: Ըստ նրա՝ այդպիսի վիճակ է ստեղծվել Երիտասարդության այգում տեղադրված «Բարեկամության ձեռքեր» արձանի հատվածում, որովհետև նախկինում ոմանք որոշել էին այնտեղ ծառատունկ կազմակերպել, և այսօր Տերյան փողոցից այդ արձանն ընդհանրապես չի երևում:

Այնուհետեւ անդրադառնալով նրան, որ Երեւանում կան մայրաքաղաքի ճարտարապետական ոճին անհարիր կցակառույցներ, ասել է. «Երևանում իսկապես կան շատ տգեղ կցակառույցներ, բայց պետք չէ ընդհանրացնել և պահանջել, որ բոլոր կցակառույցներն արգելվեն կամ քանդվեն: Կան մարդիկ, որոնք, իսկապես, կենցաղային և սոցիալական պայմանների պատճառով խիստ կարիք ունեն իրենց բնակտարածքը մեծացնելու, սակայն համապատասխան թույլտվություն պետք է լինի միայն այն դեպքում, եթե նախագիծը չի խաթարում քաղաքի ճարտարապետական տեսքը»: