ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը Կիեւում հանդիպել է նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ, կողմերը քննարկել են մինսկյան համաձայնագրերը, հայտնել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը:
Նախօրեին ուկրաինական լրատվամիջոցները հայտնել էին , որ Նուլանդի Կիեւ այցելության շրջանակում նրա հետ նախագահի հանդիպումը չի ծրագրվում:
«Վիկտորիա Նուլանդը ու ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի վարչությունների ղեկավարներ Չառլզ Կուպչանն ու Սելեստ Վոլենդերը հունիսի 22-ին հանդիպել են Ուկրաինայի բարձրաստիճան անձանց՝ այդ թվում նախագահ Պյոտր Պորոշենկոյի, Գերագույն Ռադայի նախագահ Պարուբիի, Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ելիսեեւի ու արտգործնախարար Կլիմկինի հետ»,- հայտնել է հունիսի 23-ին դեսպանատունը:
Ըստ այդ տեղեկությունների, խորհրդակցությունների ժամանակ զրուցակիցները կենտրոնացել են մինսկյան պայմանավորվածություններում անվտանգության վերաբերյալ պահանջների վրա՝ ամերիկյան պատվիրակության հունիսի 23-ին Մոսկվա կատարելիք այցի նախօրեին:
Մոսկվայում հունիսի 23-ին նախատեսվում է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովի հանդիպումը Վիկտորիա Նուլանդի հետ:





























