Լեռնային Ղարաբաղն ինչ-որ մեկի գրպանում իր չէ, որպեսզի վերջինս կարողանա այդ իրը տալ ուրիշ  մեկին: Այդ մասին հունիսի 23-ին մամուլի ասուլիսին հայտնել է Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր Թեւան Պողոսյանը:  

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովի հայտարարությանն այն մասին, թե Սանկտ Պետերբուրգում նախագահների հանդիպմանը «իբր նախապատվությունը տրվել է հակամարտության փուլային կարգավորմանը», Պողոսյանը նշել է, որ դա ադրբեջանական կողմից շատ լավ հաշվարկված հայտարարություն էր, որպեսզի այսօրվա դրությամբ  թեման դառնա բոլոր հայերի քննարկման առարկան: «Ինձ ամենից քիչն է հետաքրքրում այն, որ նման հարցերը կարող էին քննարկվել այնտեղ: Ես մի բան գիտեմ. այդ հարցը պետք է որոշի Ղարաբաղի բնակիչը եւ քանի դեռ նա նստած չէ բանակցությունների սեղանի առջեւ, այդ խոսակցությունները կարող են ընդամենը անիմաստ լինել», - ընդգծել է պատգամավորը: Կկարողանան արդյոք ադրբեջանցիները հաղթել իրենց հաշվարկներում, շարունակել է Թեւան Պողոսյանը, կախված կլինի մեր պահվածքից:  «Մենք պետք է հասկանանք, որ եթե մենք չթելադրենք, մեզ կթելադրեն», - հավելել է պատգամավորը: