Սիլվիո Բեռլուսկոնին, որին հունիսի 14-ին սրտի բաց վիրահատություն են կատարել, «կարդում է, խոսում, հեռախոսազրույցներ է ունենում, մարդկանց է ընդունում»: Այդ մասին լրագրողներին հայտնել է նախկին վարչապետի ամենամոտ զինակիցներից մեկը` Ջաննի Լետտան, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:   

Իտալիայի նախարարների խորհրդի նախկին քարտուղարը, որը չորեքշաբթի միլանյան San Raffaele հիվանդանոցում այցելել է Բեռլուսկոնիին, նույնիսկ ասել է, որ վերջինս  «սկսել է քայլել, ավելի շուտ` փորձել է»:

«Բժիշկները գոհ են նրա վիճակից, բայց չի կարելի չարաշահել նրա ժամանակը եւ ուժերը», — հավելել է Լետտան:

Բեռլուսկոնիի անձնական բժիշկ, San Raffaele-ի ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Ալբերտո Դզանգրիլլոն իր հերթին համառոտ հաղորդագրություն է տարածել իր հիվանդի վիճակի մասին, որում նշվում է, որ   «հետվիրահատական շրջանը դրական ընթացք ունի, ինչպես որ ակնկալվում էր»: Այնուամենայնիվ, բժիշկը որոշել է սահմանափակել մարդկանց մուտքը նախկին վարչապետի մոտ` նշելով, որ նրան կարող են այցելել  «միայն երեխաները եւ մերձավոր աշխատակիցներից մի քանիսը»:

Բեռլուսկոնին հիվանդանոց էր տեղափոխվել հունիսի 7-ին, դրանից մի քանի օր առաջ նա սրտի անբավարարության նոպա էր ունեցել, որի պատճառը սթրեսն էր: Դրանից հետո Դզանգրիլլոն հայտնել է, որ վիրահատական միջամտությունը «անհրաժեշտ էր եւ անխուսափելի»:   

Բեռլուսկոնին աորտալ փականի փոխարինման վիրահատության է ենթարկվել հունիսի 14-ին San Raffaele կլինիկայում, այն չորս ժամ է տեւել: Վիրահատությունը կատարած հայտնի կարդիովիրաբույժ Օտտավիո Ալֆերին նախ հայտարարել է, որ հինգ-վեց օրից պետք է սկսվի վերականգնման գործընթացը, որը մոտ երկու շաբաթ կտեւի: Այսպիսով պետք է ակնկալել, որ հուլիսի առաջին տասնօրյակում Բեռլուսկոնին դուրս կգրվի հիվանդանոցից:   

Տեղի ԶԼՄ-ներն այսօր բավականին ակտիվորեն քննարկում են Բեռլուսկոնիի` քաղաքականություն վերադառնալու հեռանկարները: Միլանյան  Corriere della Sera թերթի տվյալներով, նախկին վարչապետը չի պատրաստվում թողնել քաղաքական գործունեությունը, չնայած նրա երեխաները պնդում են դա: