Բրիտանացիները Եվրոպական Միությունից երես թեքեցին` վախենալով անգլերի եւ սաքսերի ներխուժման ժամանակներից ի վեր ամենախոշոր միգրացիայից, գրում է The Atlantic ամսագրի լրագրող Դեւիդ Ֆրումը:

Brexit-ի օգտին ընտրությունը ցույց է տվել, որ բրիտանացիները սկսել են ավելի սուր զգալ, որ իրենց երկիրը գերբնակեցված է, ենթադրում է վերլուծաբանը:   Բրիտանական միգրացիոն քաղաքականության վրա հավասարապես ազդում են ինչպես ԵՄ-ն, այնպես էլ ինքը` Լոնդոնը, բայց քաղաքացիների որոշման մեջ կարեւորագույն դերը խաղացել է անվստահությունը եվրոպական էլիտաների հանդեպ, որոնք բավականաչափ չեն ջանացել իրենց երկրների բնակչությանը պաշտպանելու գլոբալիզացիայի անբարենպաստ հետեւանքներից:  Ընդհակառակը, այդ առաջնորդներից ոմանք շատ բան են արել հակառակ ուղղությամբ: 

«Եթե ինչ-որ մեկը Մեծ Բրիտանիային մղել է Եվրամիությունից դուրս գալու, դա Անգելա Մերկելն է իր միանձնյա եւ իմպուլսիվ որոշմամբ` բացելու Գերմանիայի, իսկ հետո նաեւ ամբողջ Եվրոպայի դռները 1,1 մլն մերձավորարեւելյան եւ հյուսիսաֆրիկյան միգրանտների առջեւ», — կարծում է Ֆրումը:

Մեծ Բրիտանիայի ազգային վիճակագրական ծառայության   (Office for National Statistics, ONS) տվյալներով, 2015-ին Բրիտանիայում 630 հազար օտարերկրյա քաղաքացի է հաստատվել:  25 տարում (1990-2015)  բնակչության քանակը 57-ից աճել է մինչեւ 65 մլն, երբ ծնելիության մակարդակը փոխարինման մակարդակից ցածր է: Նման տեմպերով  2026 թվականին Մեծ Բրիտանիայի բնակչությունը կգերազանցի 70 մլն-ը, ընդ որում, աճի կեսը կապահովեն միգրանտները:

Միգրացիան ծանրաբեռնվածություն է ավելացնում դպրոցներում, հիվանդանոցներում եւ փքում է անշարժ գույքի շուկան. Լոնդոնում բնակտարածքի միջին գինը գրեթե տասներկու անգամ գերազանցում է միջին աշխատավարձը, նկատում է լրագրողը: Հաճախ դրա մեղավորը հարուստ միգրանտներն են, որոնք ավելի լավ առաջարկներ են ներկայացնում, քան տեղի գնորդները: Ընդհանուր առմամբ Մեծ Բրիտանիայում ծնված ավելի քան 200 հազար մարդ ամեն տարի Ավստրալիա եւ ԱՄՆ է մեկնում` հուսալով ավելի հեռանկարային ապագա ունենալ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: