Սկսվել է նախընտրական դիրքերի հստակեցման շրջանը. իշխանական դաշտում խմոումներ կան: Հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման համոզմունք հայտնեց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը:

Նրա խոսքով, կոալիցիոն կուսակցությունները մրցակցում են եւ դա բնական է, որովհետեւ փող բաժանողները նրանք են: «Նրանք իրարից ձայն փախցնելու, միմյանց ներուժը խլելու խնդիր ունեն»,- նկատեց Կարապետյանը՝ ավելացնելով, որ իր դիտարկմամբ գոյություն ունեն երեք կարգի ուժեր՝ իշխանություն, ընդդիմություն եւ «Ժողովրդական կուսակցություն», որն էլ կատարում է երրորդ՝ այլընտրանքային ուժի դերը։

«Եթե կա էլեկտորատ, կան մեզ տրվող ձայներ, կանք նաեւ մենք։ Այն մարդը, ով իր ձայնը չի տալիս իշխանությանն ու ընդդիմությանը, որպես այլընտրանք ընտրում է մեզ»,- ընդգծեց Տիգրան Կարապետյանը՝ ավելացնելով, որ իշխանական կուսակցությունների միջեւ ավելացող լարվածութունը պայմանավորված է միմյանցից ձայներ գողանալու պատրաստություններով։

Ընդդիմադիր դաշտի վիճակը գնահատելիս Ժողովրդական կուսակցության նախագահը շեշտեց, որ «ՀՅԴ-ն սփյուռքի ներուժ է, եւ դա է պատճառը, որ այդ ուժին որոշակիորեն առաջ են քաշում՝ պահելով հետին շարքերում»։

«ՀՀՇ-ն էլ սովոր է տրանսֆորմացիաների, եթե ուզում եք իմանալ, Ռոբերտ Քոչարյանը եւ այսօրվա նախագահը, բոլորն էլ եղել են ՀՀՇ-ում։ Մնացել է մի կորիզ՝ անհաշտ քաղաքական գործիչներ, որոնք էլ չլքելով ՀՀՇ-ն, ստեղծել են Հայ ազգային կոնգրեսի հիմքը։ Իսկ խմորումներ նրանք ունենալու են ցուցակներ կազմելիս»,- համոզմունք հայտնեց Կարապետյանը։

Անդրադառնալով «Ժառանգությանը»՝ ԺԿ առաջնորդը նկատեց. «Դա ամերիկյան նախագիծ է, իրեն ասում են մի միացիր` չի միանում, ասում են, միացիր` միանում է։ Այդ նախագիծը ստեղծված է ոչ թե կուսակցական գործունեություն ծավալելու, այլ նրա համար, որ անհրաժեշտ պահին Րաֆֆի Հովհաննիսյանը առաջադրվի որպես նախագահի թեկնածու»: