Մեր երկրների հարաբերություններում քաղաքական տարաձայնություններ չկան, Բելառուսը Հայաստանի համար եղել եւ մնում է բարեկամական, եղբայրական երկիր՝ պատրաստ սերտ, փոխշահավետ համագործակցության եւ գործընկերության ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ միջազգային ասպարեզում: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Հայաստանում Բելառուսի դեսպան Ստեփան Սուխորենկոն՝ մեկնաբանելով հայ-բելառուսական հարաբերությունները:
«Երկու երկրների միջեւ կա բավական լուրջ քաղաքական երկխոսություն, բացակայում են քաղաքական տարաձայնությունները: Մեր երկրներին բնորոշ է միջազգային բազում հարցերում դիրքորոշումների մերձեցումը, գործողությունների համաձայնեցումը եւ փոխադարձ աջակցությունը, ՀԱՊԿ շրջանակներում համատեղ անվտանգոթյան համակարգի ստեղծումը»,- նկատել է Սուխորենկոն:
Դիտարկմանը, թե ադրբեջանական մամուլը բազմիցս է մեջբերել Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքը, ըստ որի պաշտոնական Մինսկն աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը ղարաբաղյան հարցում, Սուխորենկոն պատասխանել է. «Այդ թեմայի շուրջ հաճախ են սպեկուլյացիաներ արվում: Մենք բազմիցս հայտարարել են ամենաբարձր մակարդակով, որ կողմ ենք ղարաբաղյան հարցի խաղաղ եւ համակողմանի լուծմանը՝ առկա երեք սկզբունքների հիման վրա: Այդ հարցում մենք այսօր ոչ մեկի կողմը չենք բռնել»:





























