Եվրախորհրդի խորհրդարական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիթորինգի հանձնաժողովը երեկ՝ հոկտեմբերի 5-ի երեկոյան սկսել է քննարկել Հայաստանի իշխանությունների ներկայացրած բարեփոխումների նախագիծը:

Քննարկման ընթացքում հանձնաժողովը լսել է նաեւ հայաստանյան ընդդիմության տեսակետները Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ:

Հայաստանյան պատվիրակության անդամ, «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «Ազատություն» ռադիոկայանին Ստրասբուրգից հայտնել է, որ հանձնաժողովը «ավելի շատ ժամանակ է տրամադրել ընդդիմությանը». իրենց զեկույցներն են ներկայացրել Արմեն Ռուստամյանը (ՀՅԴ), Արման Գրիգորյանը (Հայ ազգային կոնգրես) եւ Զարուհի Փոստանջյանը («Ժառանգություն»):

Փոստանջյանը նշել է, որ հայաստանյան ընդդիմության բոլոր ներկայացուցիչները իրենց զեկույցներում ընդգծել են, որ Հայաստանի իշխանությունները չեն կատարում ստանձնած պարտավորությունները:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արման Գրիգորյանը, իր հերթին հայտնել է, թե իր ելույթում շեշտել է, թե «Հայաստանի իշխանությունները, փաստորեն, ոչինչ չեն արել ԵԽԽՎ-ի 1677 բանաձեւի պահանջների կատարման ուղղությամբ»:

«Իմ կարծիքով, երեք հիմնական խնդիր կա այդ բանաձեւում, դրանք են` քաղբանտարկյալների հարցը, «Մարտի 1»-ի հետաքննության հարցը եւ մամուլի ազատության, մասնավորապես` «Ա1+»-ի հարցը: Այդ խիստ կարեւոր բնագավառներում ես որեւէ առաջընթաց չեմ տեսնում», - ընդգծել է Գրիգորյանը` հավելելով. - «Փոխարենը` իշխանության ներկայացուցիչը եւ իշխանությունները Եվրոպայի խորհրդին ներկայացրեցին ընդամենը ծրագրեր եւ մտադրություններ հետագա ռեֆորմների վերաբերյալ, մասնավորապես` Ոստիկանության ռեֆորմի, իրավական սիստեմի ռեֆորմի մասին, ինչպես նաեւ Ընտրական նոր օրենսգրքի մասին»:

Արման Գրիգորյանը հաստատել է, որ մոնիթորինգի հանձնաժողովը պետք է մինչեւ հոկտեմբերի 8-ը որեւէ որոշում կայացնի համազեկուցողների Հայաստան կատարելիք այցի վերաբերյալ: