2009 թվականի վերջից Հայաստանում արտադրվում է «Ազոցեովիտ-1» կենսապարարտանյութը, որն էկոլոգիապես մաքուր պրեպարատ է։ Նոր տեխնոլոգիայով եւ նմանակը չունեցող «Ազոցեովիտ- 1» մենրեցեոլիտ կոմպլեքսն արդեն հայտնի կենսապարարտանյութերից առավել ակտիվ, բազմաբնույթ եւ երկարատեւ ազդեցությամբ կենսապարարտանյութ է։ Այն նախատեսված է գյուղատնտեսական կարիքների համար։
Կենսատեխնոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող, կենսապարարտանյութի գյուտի համահեղինակ Լուսինե Մելքոնյանը NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նոր կենսապարարտանյութերի օգտագործումը գյուղատնտեսության մեջ կապահովի կայուն արդյունքներ։ Նրա խոսքով՝ այս կենսապարարտանյութը նպաստում է բերքի վաղ հասունացմանն ու նրա ավելացմանը մինչեւ 60 տոկոս։ «Ազոցեովիտ-1»-ը նվազեցնում է նիտրատների պարունակությունը բերքում մինչեւ 70 տոկոս, պաշտպանում բույսերին հիվանդություններից։
«Ազոցեովիտ-1» կենսապարարտանյութը էկոլոգիապես մաքուր պրեպարատ է։ Այն անվտանգ է մարդու, թռչունների, մեղուների եւ այլ միջատների համար։
Ի տարբերություն այլ պարարտանյութերի՝ այն նվազեցնում է մարդու առողջության համար վնասակար նիտրատների պարունակությունը բույսերում»,-ասաց Լ. Մելքոնյանը։ Նրա խոսքով՝ նոր պրեպարատի առավելությունը հանդիսանում է նաեւ նրա բարձր արդյունավետությունը, քանի որ ի տարբերություն, օրինակ՝ սիլիտրայի, նոր պարարտանյութը հողի միջից չի լվացվում:
«Հասկանալի է, որ հողերը բացասական ազդակների ազդեցության ներքո կորցնում են իրենց բերրիությունը, իսկ նոր պրեպարատները մեր հայկական հողերի վերականգնման համար հիանալի դեղամիջոց կարող են լինել եւ դրանց ազդեցությունը շատ ավելի արագ է նկատելի դառնում, իսկ բնական հողավերականգնման պրոցեսը բավականին երկար է տեւում» ,-ասաց Լ. Մելքոնյանը։ Նրա խոսքով՝ դեղամիջոցը փորձարկվել է Հայաստանի մարզերում եւ դրական ազդեցություն է ունեցել, դրանով հետաքրքրված են անգամ արտասահմանում։
Նշենք, որ Կենսատեխնոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի մշակած կենսապարարտանյութը արտադրվում է «ՍԻՍ 95» ՍՊԸ-ի աջակցությամբ։



























