Հոկտեմբերի 7-8-ը Երեւանում կայանալու է ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական համաժողովը, որին մասնակցելու նպատակով Ֆրանսիայից Հայաստան է ժամանել 130 հոգանոց պատվիրակություն:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ֆրանսիական պատվիրակությունը բաղկացած է Հայաստանի մարզերի ու քաղաքների հետ համագործակցություն հաստատած ֆրանսիական 25 տեղական ինքնակառավարման մարմինների՝ քաղաքների, դեպարտամենտների եւ շրջանների ղեկավարներից:
Հոկտեմբերի 7-ի առավոտյան Կառավարության ընդունելությունների տանը տեղի կունենա համաժողովի բացման արարողությունը, որի ընթացքում հայկական կողմից ելույթ կունենան ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, Ֆրանսիական կողմից` Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը եւ Ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական համաժողովի կազմակերպման ֆրանսիական հանձնախմբի նախագահ Հյուբեր-Ժյուլիեն Լաֆերիերը:
Համաժողովի փակման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին, ժամը` 12.15, որին կհետեւի մամուլի ասուլիս:





























