Վրաստանի կրթության եւ գիտության նախարարի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան նախատեսված է հոկտեմբերի 14-ից 16-ը։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց ԿԳՆ մամուլի ծառայության ղեկավար Արթուր Բաղդասարյանը՝ միաժամանակ նշելով, որ պայմանավորվածությունը դեռեւս նախնական է։

Նրա խոսքով, Վրաստանի ԿԳ նախարար Դմիտրի Շաշկինի այցի շրջանակներում Երեւանի Վ. Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանում վրացերեն լեզվի ուսուցման կենտրոն կբացվի։

«Կենտրոնի հիմանական գործառույթներն ավելի պարզ կդառնան դրա գործունեության մեկնարկի օրը։ Թե կենտրոնն ի՞նչ սկզբունքներով է աշխատելու, վերապաստման կուրսեր անցկացվելո՞ւ են, թե` ոչ, պարզ կլինի կենտրոնի բացման օրը։ Նման մանրամասների Կրթության եւ գիտության նախարարությունը չի տիրապետում»,- ասաց Բաղդասարյանը։

Երեւանի Վ. Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանի Արեւլյան լեզուների ամբիոնի վարիչ Արթուր Իսրայելյանն էլ նշեց, որ վրացի մասնագետի համար իրենք հատուկ աշխատասենյակ եւ դասընթացների համար լսարան են վերանորոգել։ «Որքանով ես տեղեկացված եմ, վրացերենի մասնագետը պարապունքները պետք է սկսեր այս ամսվա 20-ի սահմաններում, սակայն հանդիպումը հետաձգվեց»,- նշեց նա։ Արթուր Իսրայելյանը տեղեկացրեց նաեւ, որ վրացերենի ուսուցման համար սկզբնական շրջանում համալսարանը հրավիրել է մեկ մասնագետի։ «Մենք դեռեւս 20 հոգանոց խումբ ենք հավաքել, եւ մեկ մասնագետը, կարծում եմ՝ լիովին բավական է։ Սակայն կենտրոնի աշխատանքները շարունակական բնույթ կկրեն։ Հարավոր է, որ վրացերենի կենտրոնը հետագայում միացվի հայագիտության ամբիոնին»,- տեղեկացրեց լեզվագիտական համալսարանի Արեւլյան լեզուների ամբիոնի վարիչը՝ չբացառելով, որ ավելի ուշ իրենց մոտ նաեւ վրացերենի առանձին ամբիոն կբացվի։ «Հայաստանը եւ Վրաստանը շահագրգռված են դրանում։ Այս կենտրոնը ծառայելու է ոչ միայն վրացերենի, այլ առհասարակ վրացագիտության դասավանդմանը»,-ամփոփեց նա։   

Նշենք, որ վերջերս տված  ասուլիսներից մեկում Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հայտարարել էր, որ Դմիտրի Շաշկինի հետ հանդիպման ընթացքում կքննարկվեն կրթական դաշտին վերաբերող, վիրահայությանը հուզող բազմաթիվ խնդրահարույց հարցեր։ Նա նաեւ հույս էր հայտնել, որ վրացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ կստորագրվի 2008 թվականից իր ուժը կորցրած գործունեության ծրագիրը՝ հավելելով, որ քննարկումների ժամանակ հատուկ ուշադրություն կդարձվի Վրաստանում հայոց լեզվի դասավանդման խնդիրներին։ «Հույս ունեմ Վրաստանի ԿԳ նախարարը Հայաստան կգա այս հարցի լուծման առաջարկով», -ասել էր Աշոտյանը։