Օգոստոսի 29-ին Բաքվում տեղի են ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Թուրքիայի առաջին փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիլիօղլուի գլխավորած պատվիրակության բանակցությունները: Վերջինս, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Ալիեւին է փոխանցել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի եւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մաղթանքները: Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակում է կայացել երկկողմ հարաբերությունների, միջազգային ասպարեզում համատեղ փոխգործակցության, տարածաշրջանային հարցերի վերաբերյալ:

Հարկ է հիշեցնել, որ օգոստոսի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հեռախոսազրույց է տեղի ունեցել: Թուրքիայի վարչապետը Ալիեւին տեղեկացրել է հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակի մասին, իսկ Ադրբեջանի նախագահը, իր հերթին, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլի մասին: Խոսակցության ընթացքում Էրդողանը հայտնել է ԱԳՆ քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի ու նրա օգնական Ունալ Չեվիքյոզի՝ Բաքու կատարելիք այցի մասին: Ենթադրվում է, որ թուրքական պատվիրակությունը ժամանել Բաքու հայկական հարցում դիրքորոշումների համաձայնեցման համար: Ադրբեջանն ու Թուրքիան միջազգային լուրջ ճնշման տակ են, քանի որ փորձում են ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կապել հայ-թուրքական հարաբերությունների հետ:

Բաքվից վերադառնալով՝ Սինիրլիօղլուն հայտնել է լրագրողներին, թե իրենք բացատրել են Ալիեւին Թուրքիայի դիրքորոշումը երկու հարցերի վերաբերյալ՝ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման:

Հատկանշական է, որ Ալիեւի եւ Էրդողանի հեռախոսազրույցից հետո թուրքական կողմը ստիպված էր պատվիրակություն ուղարկել Բաքու, ավելի հանգամանալից ներկայացնելու Ադրբեջանի նախագահին, թե որն է Թուրքիայի դիրքորոշումը: Ակնհայտ է, որ թուրքական կողմը մտահոգված է Ադրբեջանի ապակառուցողական գործողություններով, այն պայմաններում, երբ Անկարան ստիպված է շարժվել միջազգային հանրության միջորդությամբ համաձայնեցված «ճանապարհային քարտեզի» հունով: