Քիչ առաջ Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի Էստոնական փողոցի 12 շենքի մոտ գտնվող ավտոտնակի ներսից հրազենային վնասվածքով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 53-ամյա Ալբերտ Էդուարդի Ջեւինյանը:

Ինչպես դեպքի վայրից NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  տեղում քննչական գործողություններն իրականացնում են Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Մաշտոցի քննչական բաժնի աշխատակիցները: Բացի այդ, դեպքի վայրում են Երեւանի ոստիկանապետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ Աշոտ Միրիջանյանը, Մաշտոցի ոստիկանության պետ Գրիգոր Գրիգորյանը: 

Այս պահին ավտոտնակի մոտ բազմաթիվ մարդիկ են հավաքված, որտեղ ընթերակաների ներկայաթյամբ ոստիկաններն առգրավում են թմբուկավոր ատրճանակը:Տեղում են նաեւ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետները, որոնք առգրավված զենքը ուղարկեցին դատաձգաբանական, դատահետքաբանական, մատնադրոշմային փորձաքննության: 

Ի դեպ, ավտոտնակի հարեւանությամբ է գտնվում Մորգենթաուի անվան 126 միջնակարգ դպրոցը:

 

 

 

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

Տեսանյութը` Գագիկ Շամշյանի