Իսպանիայի Ֆիլիպ VI թագավորն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային Սերվանտեսի «Դոն Կիխոտի» անգլերեն տարբերակն է նվիրել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ABC-ն:
Հեռուստաալիքի տվյալներով, գիրքը կաշեկազմ է, որը պատրաստվել է հատուկ Օբամայի համար: Բացի այդ, Ֆիլիպ VI-ն Սպիտակ տան ղեկավարին Թագավորական պալատի լուսանկարն է նվիրել:
Բարաք Օբաման 15 տարվա ընթացքում առաջին անգամ պաշտոնական այցով Իսպանիա է ժամանել շաբաթ երեկոյան: Այցի շրջանակում նա հանդիպել է Իսպանիայի թագավորի, վարչապետ Մարիանո Ռախոյի, ինչպես նաեւ ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների հետ:
Նախապես ենթադրվում էր, որ ԱՄՆ նախագահն Իսպանիայում կլինի մինչեւ հուլիսի 11-ը, սակայն Դալլասում տեղի ունեցած զանգվածային հրաձգության պատճառով նա եվրոպական շրջայցը մեկ օր շուտ կավարտի:




























