Հարավային Սուդանը պատերազմի վիճակում է: Այս մասին BBC News-ին հայտարարել է երկրի փոխնախագահ, ընդդիմության առաջնորդ Ռիեկ Մաշարի պաշտոնական ներկայացուցիչը:

Նրա խոսքով, նախագահ Սալվա Կիիրը լրջորեն տրամադրված չէ հաշտության համաձայնագրի հարցում, իսկ նրա ենթակայության զորքերը հարձակվել են ապստամբական ուժերի վրա: Միաժամանակ, երկրի տեղեկատվական նախարար Մայքլ Մաքուեյ Լուեթը տեղական հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ «իրադրությունը նորմալ է եւ ամբողջությամբ վերահսկվում է»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբայում բախումների հետեւանքով ավելի քան 270 մարդ է զոհվել: Բախումները սկսվել են հուլիսի 8-ին՝ Մաշարի եւ Կիիրի միջեւ նախանշված հանդիպումից առաջ: Գործիչները ծրագրում են հուլիսի 9-ին նշվող Հարավային Սուդանի Անկախության օրվա նախաշեմին հաշտության նոր պայմանագիր կնքել:

Հարավային Սուդանն անկախություն է ձեռք բերել 2011 թվականին: Այդ ժամանակից ի վեր երկրում կայունություն չի հաստատվել, իսկ 2013 թվականից երկրի ղեկավարի եւ փոխնախագահի միջեւ սկսված հակամարտությունը շարունակվում է մինչ օրս: Այն ժամանակ Կիիրը հայտարարեց պետական հեղաշրջման փորձը կանխելու մասին՝ դրա կազմակերպման մեջ մեղադրելով Մաշարին: