Աբխազիայում ցածր մասնակցության պատճառով չկայացավ նախագահի արտահերթ ընտրություններին վերաբերող հանրաքվեն: Ընդդիմությունը կոչ արեց հասարակական կարծիքի հարցումն աշուն տեղափոխել: Իշխանության փոփոխությունը հետաձգվել է, բայց կայունությունը երաշխավորված չէ: 

Այս քվեարկության տարբերակիչ նշանն է դարձել այն, որ եւ ընդդիմությունը, որը սկսել էր հանրաքվեն, եւ իշխանությունները ամեն ինչ արեցին, որ ընտրողները չգան ընտրատեղամասեր: 

Երբ քվեարկությունն ավարտվեց, Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբան հանրաքվեն չկայացած կոչեց: «Օրենսդրության համաձայն, այժմ արտահերթ ընտրությունների վերաբերյալ հարց հնարավոր չի լինի բարձրացնել երկու տարուց շուտ: Մենք հանրաքվեի անցկացման վրա 8–9 մլն ռուբլի ենք կորցրել, որոնք, հաշվի առնելով մեր տնտեսական վիճակը, կարելի էր ավելի արդյունավետորեն ծախսել` կենսական խնդիրների լուծման համար», — ասել է նա:

Հանրապետական օրենսդրության համաձայն, հանրաքվեն կայացած է համարվում, եթե դրան մասնակցում է ցուցակում ընդգրկված ընտրողների ավելի քան  50 տոկոսը. «Արդյոք անհրաժեշտ համարում եք Աբխազիայի Հանրապետությունում նախագահի արտահերթ ընտրությունների անցկացումը»:

Ինչպես է ձեւավորվել «կոլեկտիվ հակահաջիմբան»

Դեռեւս 2015-ի հոկտեմբերին վրաց-աբխազական պատերազմի վետերանների   «Ամցախարա» կուսակցությունը համագումարին հայտնեց, որ նախագահ Հաջիմբան պետք է հրաժարական տա:   

2016-ի մարտին նախաձեռնող խումբը, որին աջակցում էին ընդդիմադիր շարժումները, ԿԸՀ-ին փաստաթղթեր ներկայացրեց` պահանջելով հանրաքվե անցկացնել եւ  19 հազար ստորագրություն հավաքեց, երբ անհրաժեշտ էր 10 հազար: Հեղինակները հանրաքվեի անցկացման անհրաժեշտությունը բացատրեցին  «երկրում ստեղծված հասարակաքաղաքական իրավիճակով»:

Հաջիմբան հայտնեց, որ պետության համար վնասակար է համարում պլեբիսցիտի, որպես քաղաքական պայքարի գործիքի օգտագործումը եւ հանրաքվեի նախաձեռնողներին մեղադրեց ստորագրությունները կեղծելու համար: Այնուամենայնիվ, նա որոշում կայացրեց «հասարակության համախմբման եւ կայունության պահպանման նպատակով հանրաքվեի անցկացման վերաբերյալ»:

Ընդդիմությունն իր հերթին փոխեց տեսակետը: Հանրաքվեի նախօրեին Ընդդիմադիր ուժերի դաշինքը հանրապետության բոլոր բնակիչներին կոչ արեց բոյկոտել հանրաքվեն եւ չմասնակցել քվեարկությանը: Նախագահի կողմից հուլիսի   10-ին հանրաքվե նշանակելուց հետո ընդդիմադիրները հայտնեցին, որ հանրաքվեն չափազանց շուտ է նշանակվել եւ նման պայմաններում քաղաքացիները չեն կարողանա ճիշտ քվեարկել:   

Ի թիվս այլ բաների, Աբխազիայի բնակիչները հետաքրքրված չեն քաղաքական անկայունությամբ զբոսաշրջային սեզոնի պատճառով, երբ շատերը զբաղված են աշխատանքով: 

Հարձակում երկրի ՆԳՆ-ի վրա

Ընդդիմադիր քաղաքական «Ամցախարա» կուսակցությունը հուլիսի 5-ի արտահերթ նիստին բանաձեւ է ընդունել, որում պահանջել է հանրաքվեն աշուն տեղափոխել, ինչպես նաեւ ներքին գործերի նախարար Լեոնիդ Դզապշբայի հրաժարականը   «քաղաքացիների իրավունքների խախտմանն ուղղված գործողությունների համար»:

Ավելի վաղ ներքին գործերի նախարարի շուրջ սկանդալ էր բռնկվել, ինտերնետում ձայնագրություն էր տեղադրվել, որտեղ նա աշխատակիցներին կոչ էր անում չմասնակցել հանրաքվեին:  Ներքին գործերի երեք նախկին նախարար նախագահին էին դիմել` կոչ անելով պաշտոնաթող անել ներկայիս նախարարին` պնդելով, որ   «ՆԳՆ-ի ղեկավար կազմի հետ խորհրդակցության ընթացքում նախարար Լեոնիդ Դզապշբան աշխատանքից հեռացնելու սպառնալիքով միլիցիայի աշխատակիցներից պահանջել է չմասնակցել հանրաքվեին»:

Համագումարից հետո մոտ 1,5 հազար ցուցարար ուղղվել է դեպի ՆԳՆ-ի շենք, որտեղ միտինգ է սկսել: Հաջիմբան հեռուստաեթերում տեղի ունեցողը կոչել է երկրի իրավիճակը ապակայունացնելու փորձ: 

Ցուցարարները նախագահին ընդդիմության յոթ պահանջ են փոխանցել: Դրանց թվում էր` թույլատրել հանրաքվեին քվեարկել ժամկետանց անձնագրերով, Ռուսաստանում քվեարկության տեղամասեր բացել եւ ընդդիմությանը հեռուստաեթեր տրամադրել: 

Հաջիմբան համաձայնել է ժամկետանց անձնագրերով քվեարկելու հնարավորություն տալուն, բայց հրաժարվել է հետաձգել հանրաքվեն: Ցուցարարները ցրվել են միայն  դատախազական ստուգումների ժամանակահատվածում Դզապշբայի աշխատանքից հեռացման հաղորդագրությունից հետո: 

Անկայունության ավանդույթը կամ աբխազական էլիտայի հաշիվների պարզումը

Հաջիմբան Աբխազիայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2014-ի օգոստոսին նախագահի արտահերթ ընտրությունների արդյունքում: Նա հանրապետական խորհրդարանի պատգամավոր էր եւ ընդդիմադիր  «Աբխազիայի ժողովրդական միասնության ֆորում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդը:

Հաջիմբան նախընտրական արշավի ընթացքում խոստացել է զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, պայքարել կոռուպցիայի դեմ եւ քաղաքական բարեփոխումներ անցկացբել, որն ուղղված է խորհրդարանի եւ կառավարության լիազորությունների մեծացմանը: 

Այժմ ընդդիմությունը նախագահին մեղադրում է նախընտրական խոստումները չկատարելու համար: Մասնավորապես, չի իրականացվել սահմանադրական բարեփոխումը, որն ուժեղացնում էր խորհրդարանի եւ դատական իշխանության դերը, չի ձեւավորվել կոալիցիոն կառավարություն ընդդիմության մասնակցությամբ:  Սակայն ընդդիմության առանցքային բողոքը վերաբերում է տնտեսության մեջ խոստացված առաջընթացի բացակայությանը: