Հայաստանը ի դեմս Ռուսաստանի կամ ՆԱՏՕ–ի հակառակորդների չի փնտրում։ Հայաստանի հակառակորդները Բաքվում եւ Անկարայում են, ընդ որում, ոչ Հայաստանի կամքով։ Այս մասին լրագրողներին հուլիսի 11-ին ասել է ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով հուլիսի 13-ին կայանալիք Ռուսաստան–ՆԱՏՕ հանդիպմանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը շահագրգռված է, որ Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի հարաբերությունները կառուցողական լինեն, այլ ոչ թե հակասական։

«Ես ընդունում են բազմակարծությունը, բայց ինքս անձամբ այն գործիչների թվում չեմ, որոնք կարծում են, որ Հայաստանի տեղը ՆԱՏՕ–ում է։ Կարծում եմ, որ Հայաստանի տեղը ՀԱՊԿ–ում է։ Շատ բարձր եմ գնահատում ՆԱՏՕ–ի դերը աշխարհաքաղաքական գործընթացներում։ Միաժամանակ ուզում եմ ուշադրություն հրավիրել, որ Հայաստանը ՀԱՊԿ է մտել բոլորովին ոչ այն պատճառով, որ ՆԱՏՕ–ից առաջարկներ չի ունեցել։ Բայց մեր տարածաշրջանում Դաշինքի հիմնական խաղացողը Թուրքիան է, իսկ Հայաստանն անելիք չունի նման բլոկում, առնվազն այն դեպքում, երբ այդ բլոկը ռազմաքաղաքական է»,– ասել է Շարմազանովը։