Մեծ Բրիտանիան մոտավորապես 2,3 մլրդ սթեռլինգ կծախսի ամերիկյան  50 Apache AH-64E մարտական ուղղաթիռ գնելու համար: Այդ մասին հայտնել է բրիտանական պաշտպանության նախարար Մայքլ Ֆելլոնը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

«Այս պայմանագրի շնորհիվ բրիտանական բանակը սքանչելի ուղղաթիռներ կստանա, հարկատուների գումարներն իզուր չեն ծախսվի: Մեծ քանակությամբ ինքնաթիռների, նավերի գնման այս պայմանագիրը զինված ուժերի մարտունակության բարձրացման մեր պլանի մաս է կազմում:  Այդ պլանը, որին աջակցում է մեծացված ռազմական բյուջեն, մեզ կօգնի դիմակայել նոր սպառնալիքների», — ասել է նախարարը` հայտնելով Ֆարնբորոյի ավիասալոնի շրջանակում կնքված պայմանագրի մասին:   

Նրա խոսքով, Apache ուղղաթիռի նոր մոդիֆիկացիան, որը Բրիտանիայի սպառազինության մաս է կազմում, ի վիճակի է սպառազինության մեծ քանակություն կրել, այն բարելավված վառելիքային արդյունավետություն ունի, այդ ուղղաթիռը հնարավոր է կառավարել ավելի բարդ եղանակային պայմաններում եւ մարտական պայմաններում:  Գնումը կիրականացվի Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարության համապատասխան վարչության եւ ԱՄՆ-ի կառավարության  միջեւ: 

Նա նշել է, որ երկարաժամկետ հեռանկարում հույս ունի Մեծ Բրիտանիայում այդ ուղղաթիռների վերանորոգման եւ սպասարկման հզորություններ ստեղծել: 

Բրիտանիայի համար առաջին նոր Apache-ները հոսքագծից կիջեցվեն  2020-ի սկզբին եւ ծառայությունը կսկսեն 2022-ին: