Հուլիսի 11-ին Լիտվայում ՀՀ նորանշանակ դեսպան Տիգրան Մկրտչյանն իր հավատարմագրերն է հանձնել Լիտվայի Հանրապետության նախագահ Դալիա Գրիբաուսկայտեին։
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում նախագահ Գրիբաուսկայտեն շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ: Դալիա Գրիբաուսկայտեն հույս է հայտնել, որ դեսպան Մկրտչյանն իր ակտիվ գործունեությամբ կնպաստի հայ-լիտվական երկկողմ հարաբերությունների խորացմանը՝ միաժամանակ պատրաստակամություն հայտնելով աջակցել դեսպանին առաքելության իրականացման գործում։
Լիտվայի նախագահն ընդգծել է, որ լիտվական կապիտալը հետաքրքրված է մեծացնելու իր ներկայությունը հայկական շուկայում։
Շնորհակալություն հայտնելով Լիտվայի նախագահի կողմից ընդունելության եւ իր առաքելությանն աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության համար՝ դեսպան Մկրտչյանը նշել է, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է Լիտվայի հետ համագործակցության առավել սերտացմամբ, փոխադարձ հետաքրքրություն ունեցող բոլոր ուղղություններով հարաբերությունների ամրապնդմամբ ու ընդարձակմամբ:
Հանդիպմանը քննարկվել են նաեւ Հայաստան-ԵՄ բանակցությունների հաջող ընթացքի հեռանկարները։ ՀՀ դեսպանը նախագահ Գրիբաուսկայտեին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ բանակցային գործընթացը: Նախագահ Գրիբաուսկայտեն շեշտել է, որ Լիտվան կողմ է հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը։
Նույն օրը դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Լիտվայի ԱԳՆ պետական եւ դիվանագիտական արարողակարգի վարչության պետ Պյատրաս Զապոլսկասի հետ՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` վարչության պետ Զապոլսկասը հաջողություն է մաղթել իր առաքելության իրականացման ընթացքում` հույս հայտնելով, որ դեսպան Մկրտչյանն իր կարեւոր ներդրումը կունենա Հայաստանի եւ Լիտվայի միջեւ բարեկամական հարաբերությունների առավել խորացման գործում:




























