Ուկրաինայի ինքնակառավարվող ուղղափառ եկեղեցին, որն ուղղափառ աշխարհում չունի պաշտոնական կարգավիճակ, խնդրել է եկեղեցին ներառել Կոստանդնուպոլսի պատրիարքության կազմ: BBC-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է եկեղեցու Կարպատի թեմը: Կոստանդնուպոլսի պատրիարք Բարթուղեմեոսի կողմից դիմումն ընդունվել է Ուկրաինայի ինքնակառավարվող ուղղափառ եկեղեցու եպիսկոպոսների խորհրդի ժամանակ, որը տեղի է ունեցել հուլիսի 5-ին:
Եկեղեցին նման խնդրանքով է դիմել՝ նպատակ ունենալով Ուկրաինայի տարածքում համախմբել բոլոր ուղղափառներին, հաղթահարել ուղղափառների մեջ առկա տարանջատումները եւ հաստատել միասնական տեղական ինքնակառավարվող ուղղափառ եկեղեցի:
Հունիսի 16-ին Ուկրաինայի Բարձրագույն ռադան դիմել է Բարթուղեմեոս պատրիարքին՝ խնդրելով Ուկրաինայի ինքնակառավարվող ուղղափառ եկեղեցուն ինքնակառավարման հնարավորություն տալ Մոսկվայի պատրիարքարանից: Ուկրաինայի ուղղափառ եկեղեցին ցանկանում է անկախանալ Մոսկվայի պատրիարքարանից եւ ենթարկվել Կոստանդնուպոլսի պատրիարքությանը:
Ուկրաինայի ինքնակառավարվող ուղղափառ եկեղեցին ոչ մեծ ուղղափառ եկեղեցի է, որը տարանջատվել է Ռուսաստանի ուղղափառ եկեղեցուց 1920 թվականին: Ուկրաինայում Մոսկվայի պատրիարքության ենթակայությունից դուրս է գործում նաեւ Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու Կիեւի պատրիարքությունը:




























