Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր` հոկտեմբերի 7-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (ՌԴ), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա) եւ նրանց ուղեկցող փորձագետներին, ովքեր Արցախի Հանրապետություն են ժամանել Մինսկի խմբի համանախագահության` իրավիճակին ծանոթանալու դաշտային առաքելության իրականացման շրջանակներում:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են առաքելության իրականացմանն առնչվող հարցեր: Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախում ստեղծված են բոլոր պայմանները աշխատանքները պատշաճ մակարդակով կատարելու համար:

Անդրադարձ է կատարվել նաեւ իրավիճակին ծանոթանալու դաշտային առաքելության երկրորդ փուլի իրականացմանը՝ Ադրբեջանի կողմից Արցախի ռազմակալված տարածքներում: Այս համատեքստում նախագահ Սահակյանը նշել է, որ առաքելության հաջող իրականացման համար Արցախի իշխանություններն ակնկալում են կառուցողական մոտեցում նաեւ Բաքվի կողմից՝ Շահումյանի, Գետաշենի, Մարտակերտի եւ Մարտունու բռնազավթված հատվածներում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առկա վերջին զարգացումները: Նախագահը նշել է, որ Ադրբեջանում չեն դադարեցվում հակահայկական քարոզչությունը եւ ապակառուցողական քայլերը, ինչը մեծապես խոչընդոտում է հակամարտության կարգավորմանը, եւ կոչ է արել համանախագահներին համապատասխան ձեւով արձագանքել այդ զարգացումներին:

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: