Երկու հանրապետական կոնգրեսական պաշտոնական հարցում են ուղարկել` խնդրելով հետաքննություն անցկացնել, թե արդյոք նախկին պետքարտուղարը, իսկ ներկայումս դեմոկրատներից նախագահի պաշտոնի հիմնական հավակնորդ Հիլարի Քլինթոնը կեղծ վկայություն է տվել, երբ Կոնգրեսի կոմիտեի առաջ ցուցմունք էր տալիս  անձնական փոստային սերվերի օգտագործման վերաբերյալ, գրում է  The Washington Post-ը:

Ուղերձը հասցեագրված է շրջանային դատախազ Չեննինգ Ֆիլիփսին, պատճենն ուղարկվել է ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Լորետտ Լինչին եւ ՀԴԲ-ի տնօրեն Ջեյմս Կոմիին: 

Նամակի հեղինակներ Ջեյսոն Չաֆֆետեն Յուտայի նահանգից եւ Բոբ Գութլեյթը Վիրջինիայից պնդում են, որ հետաքննության ընթացքում ՀԴԲ-ի հավաքած փաստերն ուղղակիորեն հակասում են որոշ ցուցմունքների, որոնք Քլինթոնը տվել է երդում տալուց հետո: 

Այդ կապակցությամբ հանրապետականները դաշնային իշխանություններին առաջարկում են հետաքննություն անցկացնել եւ պարզել, թե արժե արդյոք Քլինթոնի նկատմամբ դատական հետապնդում սկսել Կոնգրեսում սուտ տեղեկություններ տալն արգելող որոշումը խախտելու համար: