Բրիտանացիները սկսել են ավելի շատ ծախսել ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության վերաբերյալ հանրաքվեից հետո, վկայում են Barclaycard-ի տվյալները:

Նախորդ` հունիսի  24-ից 30-ի շաբաթվա համեմատ, բրիտանացիները 2,14 տոկոսով ավելի միջոցներ են ծախսել Barclaycard կրեդիտային եւ դեբետային քարտերից: Այնուամենայնիվ, iTV հեռուստաալիքը հայտնում է, որ հաճախ ամսվա վերջին ծախսերն աճում են, որովհետեւ Մեծ Բրիտանիայի շատ բնակիչներ հենց այդ ժամանակաշրջանում են աշխատավարձ ստանում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Միաժամանակ նշվում է, որ բրիտանացիները սկսել են ավելի քիչ ծախսել փաբերում եւ ռեստորաններում, համապատասխանաբար` 0,44 տոկոսով եւ 0,46 տոկոսով պակաս:

Հաղորդվում է նաեւ, որ Մեծ Բրիտանիայի բնակիչների ծախսերն անցյալ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ աճել են   3,1 տոկոսով:

Barclaycard-ի տվյալների համաձայն, բրիտանացիների 81 տոկոսը կարծում է, որ ամենօրա օգտագործման ապրանքների գները Brexit-ի հետ կապված կաճեն: Սպառողների   43 տոկոսը կարծում է, որ իր ֆինանսական վիճակը շուտով կվատանա: