Եվրոպացիների մեծ մասը կարծում է, որ միգրանտների հոսքը մեծացնում է ԵՄ երկրներում ահաբեկչական գործողությունների հավանականությունը։ Նման եզրակացության են եկել Pew Research Center–ի հետազոտողները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Հարցումներն անցկացվել են 10 եվրոպական երկրների շրջանում՝ Հունգարիայում, Լեհաստանում, Նիդեռլանդներում, Գերմանիայում, Իտալիայում, Շվեդիայում, Հունաստանում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում եւ Իսպանիայում։ Այդ երկրներին բաժին է հասնում ԵՄ բնակչության 80 տոկոսն ու ՀՆԱ 82 տոկոսը։ Հետազոտություններն անցկացվել են նախքան ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հանրաքվեն եւ Ստամբուլի օդանավակայանի ահաբեկչությունները։ Հարցմանը մասնակցել է 11.5 հազար մարդ։

Հարցվածների 56 տոկոսը նշել է, որ ահաբեկչությունը միգրանտների հետ կապված միայն մեկ խնդիրն է, որը մտահոգում է իրենց։ Շատերը մեծապես մտահոգված են տնտեսական հետեւանքներով։ Միայն Շվեդիայում եւ Հունաստանում են կարծում, որ նման գործընթացները կարող են հանգեցնել ազգի ամրապնդմանը։

Միաժամանակ եվրոպացիները շատ քիչ են հակված մտածել, որ ԵՄ երկրներում արդեն ապրող մուսուլմանները կարող են համակրանք տածել ծայրահեղական շարժումների նկատմամբ։ Այդուհանդերձ, այդպես է կարծում իտալացիների 46 տոկոսը, հունգարացիների 37 տոկոսը, լեհերի 35 տոկոսն ու հույների 30 տոկոսը։