Հուլիսի 13-ին Ռուսաստան–ՆԱՏՕ Խորհրդի նիստի կենտրոնական թեման կլինի Վարշավայում դաշինքի գագաթնաժողովի՝ «արեւելյան թեւում» իր ներկայությունն ամրապնդելու մասին որոշումները։ Այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ–ից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Հանդիպման կենտրոնական թեման կլինի հուլիսի 8-9-ը Վարշավայում դաշինքի գագաթնաժողովի կայացրած որոշումը «արեւելյան թեւում» բլոկի ներկայությունն ամրապնդելու մասին եւ դրանց հետեւանքները եվրոպական անվտանգության վրա»,– ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։

«Քննարկվելու են ռազմական գործունեությանը վերաբերող այլ հարցեր։ Ռուսական կողմը մտադիր է քննարկում նախաձեռնել ֆինն գործընկերների առաջ քաշած նախագծի շուրջ՝ Բալթիկ ծովում ավիացիոն անվտանգության բարձրացման հարցի վերաբերյալ, շեշտել ռազմավարական կայունության ռիսկերը, որոնք առաջացել են Եվրոպայում ԱՄՆ/ՆԱՏՕ հակահրթիռային համակարգերի տեղադրման շարունակական գործընթացների հետեւանքով»,– ասված է հայտարարության մեջ։