Ֆրանսիան միշտ հայտարարել է, որ պատրաստ է կազմակերպել ու ընդունել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին՝ ղարաբաղյան հակամարտության լուծման համար որոշումներ փնտրելու նպատակով։ Այս մասին հուլիսի 12-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան–Ֆրանսուա Շարպանտիեն։
Ֆրանսիացի դիվանագետը նշել է, որ աշխատանքն ընթանում է ռուսաստանցի եւ ամերիկացի գործընկերների հետ սերտ համագործակցության շրջանակում։ «Նախագահ Օլանդը Վարշավայի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է գործընկերներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ։ Բնականաբար, օրակարգում եղել է հակամարտության կարգավորումը»,– հիշեցրել է դեսպանը։ Նրա խոսքով՝ Ֆրանսիան քննարկում է հանդիպման հնարավորությունը՝ որպես հակամարտության կարգավորման շանս։
Ինչ վերաբերում է միջադեպերի հետաքննության մեխանիզմներին եւ լրատվամիջոցներում հայտնված այն հրապարակումներին, թե այդ հարցում համանախագահները տարաձայնություններ ունեն, դեսպանը նշեց, որ այդ հարցով չկա ո՛չ թյուրըմբռնում, ո՛չ տարաձայնություն. միջադեպերի հետաքննության մեխանզիմներ տեղակայելը ծայրահեղ կարեւոր է բանակցությունների հեռանկարների տեսակետից։




























