Եթովպիայում, իսկապես, շատ հպարտ են այն ներդրումով, որ դարեր շարունակ հայերն ունեցել են երկրում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 12-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերը հանձնելու արարողության ժամանակ նշել է Հայաստանի Հանրապետությունում Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Գրում Աբայ Թեշոմեն (նստավայրը՝ Մոսկվա):
Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ դիվանագիտական առաքելության իրականացման ընթացքում նա իր մասնագիտական գիտելիքներն ու եռանդը լավագույնս կծառայեցնի Հայաստանի եւ Եթովպիայի միջեւ կապերի խորացման ու ամրապնդման գործին:
Անդրադառնալով հայ եւ եթովպացի ժողովուրդների պատմական առնչություններին՝ Նախագահն ընդգծել է, որ դեռեւս 7-րդ դարում կազմավորված Եթովպիայի հայ համայնքն իր նշանակալի ավանդն է ունեցել երկրի հասարակական, քաղաքական ու մշակութային կյանքում, եւ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունն ամուր հիմք է մեր օրերում միջպետական հարաբերությունները զարգացնելու համար:
Դեսպան Թեշոմեն նշել է, որ Եթովպիայում, իսկապես, շատ հպարտ են այն ներդրումով, որ դարեր շարունակ հայերն ունեցել են երկրում: Նա ընդգծել է, որ երկկողմ հարաբերություններ զարգացնելուց բացի, երկու երկրները հաջողությամբ համագործակցում են նաեւ միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի շրջանակներում: Եթովպիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին՝ Աֆրիկյան տարածաշրջանում խաղաղության ամրապնդման եւ համագործակցության զարգացման հարցերում իր երկրի ներդրումը բարձր գնահատելու համար եւ գոհունակությամբ նշել, որ Եթովպիան ակտիվորեն ներգրավված է ՄԱԿ-ի եւ միջազգային այլ խաղաղապահ առաքելություններում:
Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք կարեւորել են Հայաստանի եւ Եթովպիայի միջեւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջխորհրդարանական կապերի ակտիվացման, արտաքին գործերի նախարարությունների միջեւ քաղաքական խորհրդատվությունների անցկացման մեխանիզմի ներդրման հարցերը: Հանրապետության Նախագահը հաջողություններ է մաղթել դեսպանին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելության իրականացման գործում:






























