Համաշխարհային ուժերը չափազանց քիչ օգուտ են տեսնում ղարաբաղյան հակամարտության կողմերից: Այդ մասին ասված է Chatham House-ի փորձագետ Լոուրենս Բրոերսի վերլուծության մեջ: Փաստաթղթում ասվում է.
«Ղարաբաղյան հակամարտությունը ծայրաստիճան խճճված է մնում: Սպառազինության մեջ հավասարություն պահպանելու Ռուսաստանի քաղաքականությունը մղում է ուժ կիրառելու, բայց նաեւ խանգարում է դրան: Նման քաղաքականությունը պահպանում է լարվածությունը շփման գծում, եւ վտանգ կա, որ կողմերը կկորցնեն վերահսկողությունը, իսկ հակամարտության մեջ արտաքին ուժեր կներգրավվեն:
Բայց դրա այլընտրանքները կամ քիչ հավանական են (հակամարտության լուծման ընդհանուր միջազգային ջանքեր Դեյթոնյան համաձայնագրերի նման) կամ էլ քիչ ընդունելի են (կողմերին թողնել, որ իրենք գլուխ հանեն): Մի բան պարզ է. 2016-ի ապրիլի իրադարձությունները թուլացրել են երկու երկրի նախագահներին բանակցություններում փոխզիջման առումով: Եվ ադրբեջանական, եւ հայկական հասարակությունում ազգայնական տրամադրություններ են առաջացել: Ալիեւին շոշափելի ձեռքբերումներ են անհրաժեշտ, որպեսզի թույլ չտա հրադադարի մոնիտորինգի համակարգ ներդնել, որը կկանխի ապրիլյան գործողությունների կրկնությունը: Սարգսյանի համար, որը ջանում է մեղմել հայ հասարակության հիասթափությունը, դժվար կլինի շոշափելի փոխզիջումների գնալ առանց վտանգելու իր հեղինակությունը: Եվ չնայած Վիեննայի հանդիպման արդյունքում դրական ազդանշաններ են ստացվել, բանակցությունների միջնաժամկետ հեռանկարը քիչ հույս է ներշնչում:
Մինսկի խումբը կարիք կունենա համաձայնեցված եւ բոլորի համար տեսանելի դիվանագիտություն վարել: Տարբեր կողմերից մտահոգություններ են հնչում, թե Մինսկի խումբն աշխատում է առանց կապակցված օրակարգի, խրախուսում է բռնությունը եւ կարգավորման առումով անբավարար կամք է դրսեւորում:
Ղարաբաղյան կարգավորման առումով այդպես էլ չկայացած Մինսկյան համաժողովը ցույց է տալիս, թե միջազգային հանրությունը որքան անտարբեր է այս հակամարտության նկատմամբ: Արեւմտյան եւ ռուսաստանցի քաղաքական գործիչների համար դժվար է մրցակցության դրսեւորման փոխարեն, մտածել համատեղ մոտեցումների մասին: Նրանց կարծիքով, հակամարտության կողմերը կարող են իրենց շատ քիչ օգուտ տալ, որպեսզի իմաստ ունենար քաղաքական կապիտալ ներդնել բանակցությունների ճանապարհով լուծման մեջ»:




























