ՆԱՏՕ-ն Ադրբեջանի հետ քննարկում է այդ երկրի օդային տարածքը իր անդամ երկրների խաղաղապահ կոնտինգենտի կողմից օգտագործելու հնարավորությունը` Աֆղանստանում գործողություններ իրականացնելու նպատակով: «Մենք այդ հարցով բանակցում ենք մի շարք երկրների հետ, այդ թվում նաեւ Ադրբեջանի»,- «Ինտերֆաքս»-ին Բրյուսելից հայտնել է ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչը, ով ցանկացել է գաղտնի մնալ:

Միաժամանակ, աղբյուրն անդրադարձել է նաեւ վերջերս գերմանական Deutsche Welle-ում տպագրված տեղեկությանը, ըստ որի Ադրբեջանն ու Թուրքմենստանը ձախողել են ՆԱՏՕ-ի առաքելությունը, թույլ չտալով, որպեսզի Դաշինքի հակաահաբեկչական նպատակներով Աֆղանստան ուղեւորվող գերմանացի զինծառայողները իրենց օդային տարածքով մտնեն Աֆղանստան: «Մենք հարցն այդպես չենք դնում եւ չենք ասում, որ դա տեղի է ունեցել Ադրբեջանի մեղքով: Մենք խոսում ենք այն մասին, որ այդ երկրի օդային տարածքի օգտագործման հարցը քննարկման առարկա է»,- ընդգծել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը: