Ֆրանսիայում Սահմանադրական խորհուրդը ոչ մեծ ճշգրտումներով հավանություն է օրինագծին, որով արգելվում է հասարակական վայրերում եւ փողոցում ամբողջությամբ դեմքը ծածկող հագուստ կրել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 8-ին Ֆրանսիայի Սենատը հավանություն էր տվել մահմեդական փարանջա կրելն արգելող օրինագծին: Օրինագծին կողմ էր քվեարկել 335, դեմ` 1 պատգամավոր: Այս նախաձեռնությամբ, դեռեւս այս տարվա հունվարին հանդես էր եկել Ֆրանսիայի խորհրդարանի հատուկ հանձնաժողովը:

Արգելքը վերաբերում է, այսպես կոչված, «ամբողջական քողին»` իրանական փարանջային, արաբական նեկաբային եւ աֆղանական բուրկային, որոնք ամբողջությամբ փակում են դեմքը, միայն մի նեղ շերտ թողնելով աչքերի համար: Նախագծի հեղինակներն առաջարկում են օրենք ընդունել, որը հեռանկարում ընդհանրապես կարգելի կանանց փակ դեմքով հայտնվել հասարակական վայրերում: Ավելին, նրանք առաջարկել են Ֆրանսիայի պետական մարմիններին աշխատանքային վիզաներ, Ֆրանսիայում ապրելու իրավունք կամ քաղաքացիություն չտրամադրել փակ դեմքով կանանց:

Կրոնական գլխաշոր կրելը, որը ծածկում է գլուխն ու վիզը, բաց թողնելով միայն դեմքը, արգելված է Ֆրանսիայում 2004-ից: «Քվեարկությանը ներկա են եղել 336 պատգամավորներ, որոնցից 335-ը կողմ է քվեարկել օրինագծին եւ միայն մեկ դեմ է եղել»,- ասել է խորհրդարանի ստորին պալատի մամուլի ծառայության ներկայացուցիչը:

Օրենքը խախտողները ստիպված կլինեն 150 եվրո տուգանք վճարել: Բացի այդ, օրենքը 30 հազար եվրո տուգանք եւ 1 տարվա ազատազրկում է նախատեսում նրանց համար, ովքեր կստիպեն կանանց «ամբողջական քող» կրել: Իսկ եթե այդ ճնշումը գործադրվի անչափահասի նկատմամբ, ապա տուգանքի չափը կլինի 60 հազար եվրո: