Զիմբաբվեում գործում է կանանց խմբավորում, որի զոհն են դարձել մի քանի տղամարդիկ: Կանայք հակառակ սեռի ներկայացուցիչներին հասցնում են կիսագիտակից վիճակի, այնուհետեւ ստիպում զբաղվել սեքսով:

Տարվա ընթացքում ոստիկանությունը գրանցել է տղամարդկանց վրա այդպիսի հարձակման հինգ դեպք: Բոլոր դեպքերում գործել են կանայք, բայց նրանց թիվը տարբեր է եղել: Հանցագործությունները կատարվել են երկրի տարբեր հատվածներում:

Ինչպես հաղորդում է newsru.com-ը, առաջին այդպիսի հանցագործությունը կատարվել է  2009 նոյեմբերին, երբ երեք կին Չիտունգվիզա քաղաքում առեւանգել էին 18-ամյա մի պատանու: Գերուն տարել էին երկրի մայրաքաղաք Խարարե եւ բռնաբարել: Անցած ուրբաթ չարագործների վերջին զոհն է դարձել 26-ամյա մի տղամարդ` ոստիկանության աշխատակից:

Հատկանշական է, որ Զիմբաբվեի քրեական օրենսգրքում պատիժը նախատեսված է միայն այն դեպքում, երբ տղամարդն է բռնաբարում: Իսկ այդ կանանց նկատմամբ հարուցվել է գործ «խուլիգանական հարձակում» հոդվածով: