Ուսանողների եւ դասախոսների կարծիքները կիսվում են այն հարցում, թե պե՞տք է, արդյոք, սկանդալ սարքել Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրվա կապակցությամբ Մոսկվայի պետհամալսարանի լրագրության ֆակուլտետի ուսանողուհիների նվիրած օրացույցի պատճառով։ Հիշեցնենք, սկզբում հասարակությունը թնդաց էրոտիկ օրացույցի պատճառով, իսկ դրանից հետո ինտերնետում բավական կտրուկ «հակապուտինյան» քաղաքական օրացույց հայտնվեց։
Մոսկվայի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետի դեկան Ելենա Վարտանովան հայտարարել է, որ իրենց ֆակուլտետը անհրաժեշտ միջոցներ ձեռք կառնի Պուտինի համար էրոտիկ օրացույցի պրոդյուսեր Վլադիմիր Տաբակի նկատմամբ։ Նրա խոսքով, չի բացառվում, որ վերջինիս դեմ դատական գործ կհարուցվի։
«Քաղաքական» օրացույցի հեղինակ աղջիկները «Նորությունների ռուսական ծառայությանը» հայտնել են, որ այլեւս մեկնաբանություններ չեն տալու, որպեսզի սկանդալ չբորբոքեն։ «Մենք չենք ուզում սկանդալ սարքել, դրա համար էլ որոշել ենք մեկնաբանություներ չտալ»,-ասել է Մոսկվայի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետի ուսանողուհի Ելիզավետա Մենշիկովան։
Մի շարք փորձագետների կարծիքով, այս պատմությանը վերջակետ կդրվի միայն այն բանից հետո, երբ կտրվի կատարվածի «մեղավորի»՝ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի մեկնաբանությունը, ով հոկտեմբերի 7-ին նշում էր իր ծննդյան 58-ամյակը։




























