«Վերջերս հայկական մի շարք լրատվամիջոցներ, հղում անելով թուրքական կայքերին, գրում էին, որ Հայաստանն ու Թուրքիան պատրաստվում են միասին վերանորոգել Անիի Մայր տաճարը: Այդ խոսակցություններն ավելի շատ շրջանառվեցին հատկապես Անիի Մայր տաճարում նամազի արարողությունից հետո: Պարզվեց, որ դա թուրքական լրատվամիջոցների հերթական խեղաթյուրումն էր եւ աշխարհին քաղաքակիրթ եւ հանդուրժող երեւալու հերթական անհաջող փորձը»,-նկատում է պարբերականը: Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն «Ազգի» հետ զրույցում տեղեկացրել է, որ շրջանառվող լուրերը չափազանցված են:
Ոչ թե Թուրքիայի իշխանություններն են գնացել հայ ճարտարապետների հետ Անիի Մայր տաճարը վերականգնելու քայլին, այլ`Թուրքիայի ճարտարապետների միությունը: «Դա իշխանություն չէ, այլ` հասարակական, մասնագիտական կազմակերպություն: Չգիտեմ ինչպես, սակայն երկու երկրների ճարտարապետների միությունները կարողանում են միմյանց հասկանալ»,- ասել է Մինասյանը: Երկու երկրների ճարտարապետների միության նախագահները հանդիպել են 2005-ին Ստամբուլում կայացած Ճարտարապետների միջազգային կոնգրեսում:
Հենց այդ ժամանակ էլ կողմերի միջեւ համաձայնագիր է կնքվել` միմյանց օժանդակելու եւ օգտակար լինելու ակնկալիքով: Մինչեւ հիմա ուժ ունեցող համաձայնագրում պահպանվում է տեղեկություններ փոխանակելու պայմանավորվածությունը: «Քաղաքական խնդիրների պատճառով շատ բան կկորցնենք: Եթե քաղաքականությունը չխանգարի, ապա խոսքից կարող ենք անցնել որոշակի գործողությունների: Առայժմ կան պայմանավորվածություններ, սակայն որեւէ որոշակի գործողություն, աշխատանք չի սկսվել, եւ այդ պայմանավորվածություններն անկատար կմնան, մինչեւ երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ չհաստատվեն: Թուրքիայի քաղաքական խնդիրների պատճառով աշխատելու հնարավորություն չկա»,-ասել է «Ազգ»-ի զրուցակիցը:




























