Թերթը շարունակում է ընթերցողների ուշադրությանը ներկայացնել հարցազրույցը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի հետ: Ներկայացնում ենք մի հատված զրույցից:
Վերջին ամիսներին բանակում տեղի ունեցած ողբերգական միջադեպերը առանձին շրջանակների առիթ տվեցին չարախնդալու. նախ սկսեցին կասկածի տակ դնել հայոց բանակի մարտունակությունը, հետո անցան բանակի վարկաբեկման գործին: Ինչպե՞ս եք գնահատում այստեղից Ալիեւի ջանին յուղ քսողների վարքը:
Աշխարհում լավ բանակ, հեշտ բանակ չկա: Ամերիկյան բանակը համարվում է լավագույնը, բայց, տեսեք, Աֆղանստանում, Իրաքում կոտորվում են։ Բացի դրանից, ներսում էլ ամեն ինչ հարթ չի ընթանում: Այսինքն՝ լավ բանակ, դրախտային բանակ, որ գնաս այնտեղ, ինչպես կուրորտում ապրես, աշխարհում չկա, չի էլ կարող լինել, որովհետեւ գործը զենքի հետ է, գործը մահվան, արյուն թափելու հետ է, երկրի սահմանները պաշտպանելու եւ պաշտպանվելու հետ է:
Բայց պետք է ընդունել, որ անկախությունից հետո մեր բանակը ամենակայացած եւ ամենակարեւոր կառույցն է երկրում: Իմ խորին համոզմամբ, հայոց բանակի վրա ցեխ շպրտողները դավաճաններ են: Ես խորին հարգանք ունեմ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ: Մեծ հարգանք, մեծ հավատ: Եվ ես հայոց գեներալներից շատերին եմ ճանաչում, ոմանց հետ ընկերություն էլ եմ անում, վստահում եմ նրանց ու տեսնում եմ, թե նրանք ինչքան պատրաստված ու նվիրված մարդիկ են, բարձր կարգի սպաներ: Թերություններ կան ամեն տեղ եւ կլինեն, դրանցից հնարավոր չէ խուսափել: Բայց ցավալի դեպքերը առիթ դարձնել բանակը վարկաբեկելու համար, բանակը դարձնել քաղաքական շահարկումների առարկա, ասում եմ, դա կարող են անել միայն դավաճանները: Դավաճանները միշտ եղել են մեր մեջ ու կլինեն: Ազգը պետք է սրբություններ ունենա, եւ թերություններն էլ տեսնելով գիտակցի, որ չի կարելի բզել, չի կարելի կսմթել նրան: Այդ սրբություններից առաջիններից առաջինը հայոց բանակն է:





























