Անհայտ անձինք հոկտեմբերի 7-ին Իրանի Քուրդիստան նահանգի Սանանդաժ քաղաքում կրակ են բացել պարեկություն անող ոստիկանների ուղղությամբ: Զոհվել է 5 մարդ, հաղորդում է «Ռոյթերս»-ը` հղում անելով տեղի իշխանություններին:
Գործակալության տվյալներով, 5 զոհվածներից 4-ը ոստիկան են: Եւս 9 մարդ, որոնցից 5-ը ոստիկան են, 4-ը` քաղաքացիներ, վիրավորվել են:
Քուրդիստանը բաժանված է 4 երկրների միջեւ. Թուրքիա, Իրան, Իրաք եւ Սիրիա: Քրդերը ցանկանում են այդ տարածքների վրա Քրդական պետություն ստեղծել: Ներկայումս քրդական պետական միավոր կա միայն Իրաքի տարածքում:
Իրանական Քուրդիստանում գործում են քուրդ ապստամբներ, որոնք զինված պայքար են մղում Իրանի իշխանությունների դեմ: Պաշտոնական Թեհրանի կարծիքով, քրդերի ակտիվացման հիմնական պատճառներից մեկը տարածաշրջանում արտաքին զինուժի ներկայությունն է:





























