Քաթարի թագավորական ընտանիքն (աթ-Թանի շեյխերը) ավելացրել է գերմանական Deutsche Bank-ում մասնաբաժինը՝ հասցնելով գրեթե 10%-ի, այդպիսով դառնալով բանկի խոշորագույն բաժնետերը: Այս մասին գրում է Financial Times-ը:

Շեյխերը Deutsche Bank-ում առաջին բաժնետոմսերը ձեռք են բերել 2014 թվականին՝ 2015-ին իրենց մասնաբաժինը հասցնելով 6.1%-ի: Թագավորական ընտանիքի ակտիվները կառավարում են Paramount Services Holdings եւ Supreme Universal Holdings ներդրումային խմբերը:

Գերմանական բանկի երկրորդ խոշոր բաժնետերը BlackRock ներդրումային ընկերությունն է (ավելի քան 6%): Բացի այդ, բանկը ստիպված է եղել թագավորական ընտանիքի կողմից առաջարկված դիտորդական խորհրդի նոր անդամի նշանակել:

Ըստ Gazeta-ի, վերջին մեկ տարվա ընթացքում Deutsche Bank-ի բաժնետոմսերի գինը երկու անգամ նվազել է՝ մեկ շաբաթ առաջ հասնելով պատմական նվազագույնի: